Խաղեր

Հայկական ավանդական խաղերից յուրաքանչյուրն ունի իր բնույթը, խորհուրդը, նպատակն ու կարևորությունը: Կենտրոնի առաքելություններից է վեր հանել հին ու մոռացված ժողովրդական խաղերը՝ թարմացնելով, նոր շունչ ու ձև հաղորդելով դրանց:
 
Մականախաղ ձիերով
 
Այս խաղը տոնական օրերին խաղում էին և՛ երիտասարդները, և՛ տարեց մարդիկ՝ նախապես ընտրելով մեկ կիլոմետր երկարությամբ և երեք հարյուր մետր լայնությամբ մի հրապարակ: Մասնակիցները բաժանվում էին երկու խմբի: Ամեն մի խումբ կազմվում էր չորս և ավելի հեծյալներից, որոնք կարող էին լինել ինչպես համագյուղացիներ, այնպես էլ հարևան գյուղերի բնակիչներ:
Խաղացողներն ունենում էին մի-մի կեռածայր մական (կոպալ) և փայտե մեկ գնդակ: Խաղագնդակը դրվում էր հրապարակի մեջտեղում: Ձիավորները դասավորվում էին հրապարակի երկարությամբ՝ իրար դեմ դիմաց: Խաղը սկսվում էր վիճակահանությամբ, դաշտի կենտրոնից, գնդակին տրված մականի հարվածով: Յուրաքանչյուր կողմը աշխատում էր գնդակը հասցնել հակառակորդի դաշտի վերջնագծին և անցկացնել նրանից հեռու, շահում էր մեկ միավոր: Նախապես պայմանավորված միավորների թվի լրացումով էլ որոշվում էր խաղի հաղթանակը:
 
Մականախաղ հոլ
 
Այս խաղը հին ժամանակներում խաղում էին նաև ձիու վրա նստած և նույնիսկ մականներով, որը կեռ ծայր ունեցող կոպալ կամ գավազան է:
Մասնակիցները բաժանվում էին երկու խմբի: Յուրաքանչյուրը ձեռքին բռնած ուներ երկար փայտ (վարոց), որը կեռ ծայր ուներ: Փայտի կեռ ծայրով ամեն մեկը աշխատում էր հափշտակել իր հակառակորդից փայտե գնդակը, որը գետնի վրա էր: Եվ այսպես, ամեն մեկը, մյուսից խլելով գնդակը, քշում էր դեպի հակառակ կողմը, մինչև հասցնում էին նշանակված տեղը: Հաղթողները պարգևատրվում էին:
Հոլը հոլտան մեջ գցելը բնավ չէր նշանակում, որ գցող խումբը խաղը շահել էր, ընդհակառակը՝ այս դեպքում խաղն էլ ավելի էր սրվում: Բոլոր խաղացողները խմբվում էին հոլտան շուրջը: Հոլտան տերերն աշխատում էին չոխմախներով հոլը դուրս նետել փոսից, իսկ հակառակորդները ջանում էին հոլտան միջից ձեռքերով բռնել, հանել հոլը և հայտարարել՝ «չըլ հոլ», այսինքն՝ հոլը չըլի մեջ է, խաղը տարված է:
Սրանով խաղը վերջանում էր:
 
Ջրինդ-մականախաղ
 
Բարեկենդանին երիտասարդ տղաները գյուղի ընդարձակ տեղերից մեկում մականախաղ էին կազմակերպում: Ասպարեզի հանդիպակաց ծայրերում 15-20-ական ձիավորներ զինվորական կարգով շարվում էին ու սպասում խաղը սկսելու նշանին: Հանդիսատես հասարակության մեջ կանգնած զուռնա-նաղարան հատուկ եղանակով ազդարարում էր խաղի սկիզբը:
Խմբերից մեկի մի ձիավորն արշավում էր դեպի հակառակորդ խումբը և մոտենալիս մականով նշան էր անում կամ մականը նետելով՝ ձիու գլուխը շուռ էր տալիս ու փախչում դեպի իր խումբը: Նշանը կամ մականն ընդունող խմբից մեկն անմիջապես սլանում էր նրա ետևից մականահարելու, որին դիմագրավում էր հակառակորդի մեկ այլ ձիավոր՝ նույն նպատակով: Եվ այսպես ձիավորները, փոխադարձաբար միմյանց հետապնդելով կամ դիմագրավելով, մականահար էին անում: Խաղն այս ձևով շարունակվում էր մինչև ձիերի փրփրակալումը, երբ ձիավորներից շատերի գլուխները, ոտքերը և այլ տեղերը վիրավորվում էին, խաղը դադարեցնում էին: