Տոներ

Ամանոր
 
Ամանորը մեզ մոտ դեռևս XIX դարից ավանդաբար նշվել է հունվարի 1-ին, թեև Արևելյան Հայաստանի որոշ շրջաններում Հունվարի 1-ին զուգահեռ ավելի խանդավառ կերպով նշում էին Նավասարդը, իսկ հունվարի 1-ին սահմանափակվում էին շնորհավորանքներով: Տոնը ունեցել է տարբեր անվանումներ` Տարեմուտ, Ամանոր Տարին Գլուխ, Նոր տարի, Կաղանդ, Կաղինդ, Կալոնտար և այլն: Նոր տարվա գլխավոր նախապատրաստությունները ուտելիքի շուրջ էին: Մատուցում էին պլղուր, անուշապուր, ոսպից, սիսեռից սարքած քյուֆթա, ոսպից, սիսեռից, լոբուց ձավարեղենից պատրաստված տոլմա, մատուցում էին չոր և թարմ մրգեր, չամիչ, ընդեղեն, աղանձ, սակայն տոնի կարևորագույն ծիսական ուտեստը «Տարի հաց», «Կրկենի» «Դովլաթ կրկենի», «Կլոճ», «Փուռնիկ» և այլ անուններով հայտնի հացն էր: ՏԱՐԻՆ կարող էր լինել գաթա, բաղարջ, ձվաձև, կլոր, եռանկյունի, խաչաձև և այլն:
 
Տյառնընդառաջ
 
Չնայած տոնի անվանումը կապվում է քրիստոնեական ավանդույթների հետ, այն, այնուամենայնիվ, առնչվում է ժողովրդական ավանդույթների, մասնավորապես կրակի մաքրագործական ուժի հետ: Տյառնընդառաջի ամենահիմնական ծեսը խարույկ վառելն էր: Որոշ տեղերում խարույկը վառում էին միայն եկեղեցու բակում, այլ վայրերում` բոլորտների բակերում, երրորդներում` միայն նշանված աղջիկների և նորապսակ ունեցող ընտանիքների բակերում: Կրակը վառելու պատիվը տրվում էր նորափեսաներին: Խարույկի շուրջ նախ պտտվում էին նորապսակ զույգերը: Կրակի վրայով նախ թռչում էր տան ամենատարեց կինը, որպեսզի իր «տունը ազատի չարիքից», աա սկսում էին թռչել երիտասարդները, երեխաները: Կրակի վրայով թռչողները տարբեր երգեր էին երգում կամ, ավելի շուտ, տարբեր իղձեր արտահայտում ու մաղթանքներ անում:  
 
Սուրբ Սարգիս
 
Սուրբ Սարգսի տոնը մեծ ժողովրդականություն ուներ հատկապես երիտասարդների շրջանում և մասնակիորեն պահպանվել է մինչև մեր օրերը: Այն նշելու կայուն օր չուներ, շարժվում էր հունվարի 18-ից մինչև փետրվարի 23-ը: Սուրբ Սարգսի կարևոր դերակատարումներից մեկը երիտասարդ սիրահարներին, մասնավորապես` աղջիկներին, որոնց, իրենց կամքին հակառակ, հաճախ ամուսնացնում էին, օգնության հասնելն էր: Տոնը սկսում էին նշել պասով: Որոշ տեղեր այդ գիշեր հատուկ բաղարջ էին թխում` առանց թթխմորի և շատ աղի: Այդ նույն գիշերը տանտիկիննեը մի սկուտեղի վրա փոխինդ էին լցնում, զգույշ հարթեցնում և դնում տան պատվավոր անկյունում` այն ակնկալիքով, որ գիշերը Ս. Սարգիսը փոխինդի վրա պիտի թողած լիներ իր ձիու պայտի հետքը:
 
Բարեկենդան
 
Բարեկենդանը տևում է երկու շաբաթ` հաջորդելով Ս. Սարգսին, և ավարտվում է Մեծ պասով: Բարեկենդանը պարերի, խաղերի, զվարճահանդեսների, թատերախազերի, այցելությունների, հրապարակային խնջույքների, կերուխումների տոն էր: Հասարակական հարաբերությունները, ընտանեկան բարքերը, հասակային խմբերում մինչ այդ ընդուված առօրեա նորմերը գլխիվայր շուռ են գալիս: Օրինակ` այդ ընթացքում իրար հետ սեղան էին նստում ծերունի սկեսրայրը և մանկամարդ հարսը, տղամարդ, կին, բոլորը միասին վայելում էին գաթա, դալ, հավ, սագ, ոչխարի կամ կովի ղավուրմա, քյուֆթա, տոլմա, փլավ, յախնի և այլն: Բարեկենդանի ամենագլխավոր զվարճությունը խաղերն ու թատերական ներկայացումներն էին, որոնց ժամանակ մարդիկ կերպարանափոխվում էին և դիմակավորված խմբերով զվարճանում:
 
Զատիկ
 
Զատիկը նշվում է ամեն տարի` գարնանային օրահավասարին` լուսնի լրման հաջորդ կիրակի օրը, այսինքն` միշտ մարտի 22-ից հետո, 35 օրերի ընթացքում: Այդ օրը սովորաբար մատաղ էին անում, որից բաժին էին հանում գյուղի բոլոր բնակիչներին: Մինչ գիշերը եփվում էր մատաղը պարահանդեսներ և խաղեր էին կազմակերպվում, որոնց մասնակցում էին աղջիկներն ու տղաները, կանայք ու տղամարդիկ: Երբեմն մարդիկ չէին քնում այդ գիշեր, իսկ հաջորդ օրը նշվում էր բուն տոնակատարությունը. բաժանում էին մատաղը, սկսվում էին այցելությությունները և շնորհավորանքները:
 
Համբարձում
 
Զատիկից քառասուն օր հետո նշվում է Համբարձման կամ, ինչպես շատ տեղերում կոչում են, Վիճակի կամ Կաթնապրի տոնը: Չորեքշաբթի վաղ առավոտյան սկսվում էր հիմնական ծեսի` վիճակի նախապատրաստությունը: Աղջիկների նախապես ընտրված խմբերը` յոթական հոգի, դուրս էին գալիս ծաղիկ հավաքելու: Մութն ընկնելուց հետո աղջիկները խոտերի մեջ թաքցնում էին վիճակի փարչը և շուրջբոլորը զարդարում ծաղկափնջերով: Հինգշաբթի օրը, որը տոնակատարության հիմնական օրն էր, բոլորը` մանուկից մինչև ահել, տոնական հագուստով էին, ծաղիկներով զարդարված: Ծաղիկներով զարդարված էին նաև տները, անասունները, սրբավայրերը:
 
Վարդավառ
 
Վարդավառը նշվում է հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ը` որևէ կիրակի: Վարդավառը ուխտագնացությունների տոն էր, ընդ որում` ուխտագնացությունների համար ընտրում էին գլխավորապես լեռները, ջրերի ակունքները: Հատկապես շատ էին ուխտագնացություններ կատարում Մշո Ս. Կարապետ եկեղեցի: Սարերում Վարդավառի ամենաուրախ հանդեսներին հավաքվում էին լարախաղացներ, կազմակերպվում էին տոնավաճառներ, զբոսախնջույքներ: Վարդավառի ուխտագնացության օրը վանքի աղբյուրի մոտ «խաղում էին «Վաշդևոր», սառը ջրով իրար թրջում էին և մեծ ճվճվոցով ու աղմուկով զվարճանում»:
 
Խաղողօրհնեք
 
Սուրբ Մարիամ Աստվածածնի երկինք վերափոխվելու տոնն է, որը նշվում է օգոստոսի 15-ին: Աստվածածնի կերպարը հայկական միջավայրում ժառանգել է Անահիտ աստվածուհու մի շարք գծեր, ինչին միահյուսվել են քրիստոնեական և ժողովրդական ընկալումները: Մարիամ Աստվածածնի տոնահանդեսները կատարվում էին գլխավորապես նրա անունը կրող ուխտավայրերում ուխտագնացություններով: Այս տոնի ժամանակ քահանային օրհնել էին տալիս խաղողը, երբեմն խաղողը տանում էին եկեղեցի, սակայն ավելի հաճախ քահանան էր գնում խաղողի այգին և տեղում օրհնում հասունացած և դեռ հասունացող բերքը:
 
Սուրբ խաչ (սրբխեչ)
 
Սեպտեմբերի 14-ին նախորդող կամ հաջորդող կիրակի օրը հայերը նշում են քրիստոնեական Խաչվերաց տոնը, որը ժողովրդի շրջանում ավելի հայտնի է Սըրբխեչ կամ Ուլնոց անուններով: Պաշտոնապես տոնը նվիրված է Քրիստոսի խաչելության խաչի գերեդարձին: Ըստ ավանդության` պարսիկները 610 թվականին գրավում են Երուսաղեմը և գերի են տանում խաչը, սակայն Հերակլ կայսրը 627 թ. հաղթում է պարսիկներին և ետ է վերադարձնում խաչը Ս. Հարության տաճարին: Ժողովուրդը այս տոնը կապում է մատուցվող ուտեստի` ուլի հետ: Վաղ առավոտյան մարդիկ համտես էին անում ուլի ճարպով ներծծված ձավարի փլավը, իսկ հետո նաև խորոված միսը:
 
Նյութը վերցված է Հրանուշ Խառատյանի «Հայ ժողովրդական տոները» աշխատանքից