Փայտե քանդակների ցուցահանդես «Խոսիր ինձ հետ». Սերգեյ Թովմասյան (10.11-16.11.2016)

10.11.2016
Նոյեմբերի 10-ին մեր Կենտրոնում դերասան և ժողովրդական վարպետ Սերգեյ Թովմասյանը «Խոսիր ինձ հետ» խորագրի ներքո ներկայացրեց իր ձեռակերտ փայտե քանդակները:
Քանդակների սյուժեները գյուղական տեսարաններից հասնում են մինչև աստվածաշնչյան առակների մարմնավորում, մարդկային ու կենդանական կերպարներով տեսարաններից՝ Անվերջի հետ երկխոսություն: Ներկայացվող աշխատանքներում հեղինակը յուրօրինակ ազգագրական ջերմությամբ է պատկերում հայ մարդու կենցաղը՝ միևնույն ժամանակ անդրադառնալով համամարդկային արժեքների, երևույթների ու խնդիրների:
Ինչպես նշեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը՝ «երևի թե 
միայն թատրոնի մարդը, դերասանը կարող է այսքան հետաքրքիր ներկայացումներ ստեղծել փայտից. նյութը կարծես թե անշարժ է, բայց մենք յուրաքանչյուր աշխատանքի մեջ տեսնում ենք գործողություն»: 


ՍԵՐԳԵՅ ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ծնվել է 1960 թ., Երևանում: Սովորել է Գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում: Աշխատել է տարբեր թատրոններում, խաղացել բազմաթիվ դերեր: 1999 թ.-ից՝ Տիկնիկային գործիչների միջազգային միության անդամ, 2002 թ.-ից՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասան: 2008 թ.-ից փայտե քանդակներ է ստեղծում: Ունեցել է չորս անհատական ցուցահանդես: 2015 թ. ստացել է Ժողովրդական վարպետի վկայական: