Ջիվանի 170 (23.12.2016)

23.12.2016
Դեկտեմբերի 23-ին Կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում-ցերեկույթ՝ նվիրված հայ աշուղական ազգային դպրոցի ներկայացուցիչ Ջիվանու 170- ամյակին: Ժողովրդական վարպետ, ազգային նվագարաններ պատրաստող Հակոբ Խալաթյանը ներկայացրեց իր պատրաստած քամանի գործիքը, խոսեց Ջիվանու մասին, ով հիմնականում քամանի է նվագել: Եվ քանի որ պարոն Խալաթյանը ոչ միայն երաժշտական գործիքներ է պատրաստում, այլև դրանց տիրապետում է շատ վարպետորեն՝ ներկայացրեց աշուղական երգերի շարք՝ Ջիվանու երգացանկից:
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ջիվանի [Լևոնյան Սերոբ Ստեփանի, 1846, գ. Կարծախ (այժմ՝ Ախալքալաքի շրջան) – 20.2(5.3).1909, Թիֆլիս] հայ աշուղ, ժող. երգիչ։ Հայ աշուղական երգարվեստի ազգային դպրոցի ներկայացուցիչ, ժողովրդական երգիչ։ Նրա ստեղծագործություններից մեր օրերն է հասել մոտ 800 երգ։ Ունեցել է բազմաթիվ շրջագայություններ իր խմբով, հանդես գալով ինչպես Հայաստանում այնպես էլ Վրաստանի և Ռուսաստանի քաղաքներում։ Մասնակցություն է ունեցել նաև հայ ժողովրդի ազատագրական պայքարին։ Ենթարկվել է հետապնդումների, երբեմն արգելվել են նրա ելույթները, բռնագրավել են նվագարանը։ Երևանում գործում է Ջիվանու անվան աշուղական արվեստի դպրոց, նրա անունով փողոցներ են կոչվել Երևանում, Գյումրիում և այլուր։