Շուշանիկ Նալբանդյանի գրքի շնորհանդեսը. «Հույսի ծաղիկ»

09.03.2019

Մարտի 9-ին Ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Շուշանիկ Նալբանդյանի «Հույսի ծաղիկ» գրքի շնորհանդեսը: Գրքում ամփոփված են հեղինակի արձակ ու չափածո առանձին ստեղծագործություններ, խոհեր, ներհայեցողական ու իմաստասիրական մտքեր:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ ժողովրդական գործիքների «Զանգակ» համույթը:

Շուշանիկ Նալբանդյանը ծնվել է Լոռու մարզի Օձուն գյուղում:
1970-74 թթ. սովորել է Երևանի հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի գրադարանագիտություն-մատենագիտություն բաժնում:
1975-79 թթ. աշխատել է Լճաշեն գյուղի գրադարանում, Երևանի թիվ 34 գրադարանում: Լրագրողական աշխատանք է կատարել «Սևան» շրջանային թերթում:
1979-2000 թթ. աշխատել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում՝ որպես գրադարանավար, ապա՝ բաժնի վարիչ: Հրատարակել է մի շարք մեթոդ-մատենագիտական ձեռնարկներ, հանդես եկել մամուլում, արժանացել է պատվոգրերի:
2000-2018 թթ. նույն գրադարանում աշխատել է որպես մասնագիտական գծով փոխտնօրեն: