Մետաղի գեղարվեստական մշակում

   Մետաղի գեղարվեստական մշակումը հայկական ժողովրդական արվեստի հնագույն և ավանդական ճյուղերից է: Դեռ վաղ ժամանակներից դարբնության հիմքի վրա առաջացել են պղնձագործությունը, արծաթագործությունը, ոսկերչությունը: Մետաղի գեղարվեստական մշակումը լայն տարածում է ստացել  միջնադարում՝ կապված կրոնական-եկեղեցական մասունքների և ձեռագիր մատյանների հետ: Այն առավել մեծ ծավալ է ստանում 17-19-րդ դարերում: Հայաստանի խոշոր քաղաքներ Վանը, Բիթլիսը, Ախալցխան, Ալեքսանդրապոլը դառնում են մետաղի մշակման նշանավոր կենտրոններ: Այս կենտրոններում ստեղծվում  և տարբեր երկրներ էին արտահանվում  եկեղեցական իրեր (սկիհներ, գավաթներ, բուրվառներ, մոմակալներ),  տարբեր մետաղներից պատրաստված կիրառական նշանակության առարկաներ (կաթսաներ, սափորներ, սկուտեղներ) և զարդեր: Ժողովրդական վարպետները կիրառում էին մետաղի մշակման ավանդական եղանակներ՝ կռում, ձուլում, դրվագում, փորագրում, զուգաթել: Իրերն ագուցվում էին կիսաթանկարժեք քարերով: Տարբեր բնակավայրերում ստեղծված նմուշներն առանձնանում էին իրենց ինքնատիպությամբ:
  Մետաղի գեղարվեստական մշակումը լայն տարածում ստացավ խորհրդային տարիներին: Հայկական կիրառական արվեստի այս ոլորտի լավագույն ավանդույթները ժառանգեցին 20-րդ դարի հայ վարպետները՝  Վահան և Գաբրիել Հացագործյանները, Հրաչիկ Ստեփանյանը, Արծրուն Բերբերյանը, Ժիրայր Չուլոյանը, Գուրգեն Թորոսյանը, ինչպես նաև երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ: Պահպանելով ավագ սերնդի վարպետների ավանդույթները՝ նրանք արարեցին նոր հորինվածքներ, նոր զարդամոտիվներ:
  
Մեր օրերի վարպետների ստեղծագործություններում ակնհայտ է կապը ավանդականի և ժամանակակից մտածողության միջև:
  Հայ վարպետների լավագույն ստեղծագործությունները ներկայացված են  Ժողովրդական ստեղծագործության կենտրոնի՝ մետաղի գեղարվեստական մշակման  նմուշների ցուցասրահում: