Հովիկ Հովեյանը պարգևատրվել է «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով

01.12.2016
 
Ազգային մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման գործում ունեցած նշանակալի ավանդի համար բանաստեղծ, թարգմանիչ, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով:
 
Դեկտեմբերի 1-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ բանաստեղծ Հովիկ Հովեյանի 60-ամյակին նվիրված հոբելենական երեկո և հեղինակի նորերս հրատարակված «РУИНЫ НОЯБРЯ» /«Նոյեմբերի ավերակները»/ ռուսերեն ժողովածուի շնորհանդեսը:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ընթերցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը և նշեց, որ մշակույթի նախարարության կողմից անակնկալ ունեն հոբելյարին՝ Հովեյանին շնորհելով ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալը: Հեղինակի և նրա անցած ուղու մասին խոսեցին գրողներ, գրականագետներ, երաժիշտներ, մշակույթի այլ գործիչներ: Ներկայացվեց Հ. Հովեյանի բանաստեղծությունների նորերս հրատարակված՝ «РУИНЫ НОЯБРЯ»/«Նոյեմբերի ավերակները»/ ռուսերեն ժողովածուն: Ռուսերենով թարգմանվել և ժողովածուում են զետեղվել բանաստեղծություններ Հովեյանի՝ «Վրիպած ջրհեղեղ», «Անժամանակություն» գրքերից և անտիպ ստեղծագործություններ: Հոբելենական երեկոյի ընթացքում հնչեցին Հովիկ Հովեյանի բանաստեղծություններից՝ ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանի կատարմամբ: Երաժշտական կատարումներով հանդես եկան «Հովեր» պետական կամերային երգչախումբը, «Արամ Խաչատրյան» պետական լարային քառյակը, «Գևորգ Դաբաղյան և ընկերներ » դուդուկահարների անսամբլը: