Կարինե Ռաֆայելյանի «Ժամանակի նոր չափումներում» գրքի շնորհանդեսը (29.10.2016)

29.10.2016

Հոկտեմբերի 29-ին մեր Կենտրոնում տեղի ունեցավ Կարինե Ռաֆայելյանի «Ժամանակի նոր չափումներում» գրքի շնորհանդեսը:

«Ժամանակի նոր չափումներում» պատմվածքների ժողովածուն Կարինե Ռաֆայելյանը նվիրել է մոր՝ Սիրանուշ Գրիգորյանի հիշատակին: Այն եզրափակող համանուն պատմվածքը իրական-անիրական երկխոսություն է անդրաշխարհ տեղափոխված հարազատի հետ, իսկ նախորդող գործերը մեր ապրած ժամանակի համապատկերը ներկայացնող դրվագներ են, որոնք մեզ ուղեկցում են ամեն քայլափոխի:
«Ժողովածուն անտարբեր չի թողնի ոչ մեկին: Դանդաղ զարգացող դեպքերը կարդացվում են մեծ հետաքրքրությամբ, ամեն բառ կշիռ ունի, չկա ավելորդ ոչ մի դրվագ, դիպված կամ պատկեր: Իրենց միահյուսումով նրանք զգուշացնում են՝ թույլ տրված սխալների համար, մեկ է, պատասխան պիտի տաս, 
խոստացածիդ համար` նույնպես: Որ փրկության համար պիտի հավերժ ճշմարիտ լինել, որ գոյապայքարում է թրծվում մարդը, և միշտ ելք կա, միայն չպիտի ուշանալ…»,- այսպես է գնահատում Կարինե Ռաֆայելյանի արձակը գրականագետ Անի Փաշայանը, որ գրքի խմբագիրն է և առաջաբանի հեղինակը:

ԿԱՐԻՆԵ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ
Գրող, գրականագետ, լրագրող, Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ: 
Ծնվել է Երևանում: Սովորել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Մայրենի լեզվի և գրականության ֆակուլտետում, Երևանի պետական համալսարանի Ժամանակակից հայ գրականության ամբիոնի ասպիրանտուրայում: Աշխատել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:
2006 թ.-ից Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է:
Հայաստանյան և սփյուռքի հայկական պարբերականներում հրապարակել է գրականագիտական, մշակութային և հրապարակախոսական հոդվածներ: 2008-ից վարում է «Իրատես» թերթի «...Եվ ոչ միայն մշակույթի մասին» խորագիրը: Տպագրել է բանաստեղծությունների երկու ժողովածու՝ «Երբ գիշերանա...» (1998) և «Երկվություն» (1999): Բանաստեղծությունները թարգմանվել են իտալերեն, անգլերեն, տպագրվել ամերիկյան մամուլում և Դայանա Տեր-Հովհաննեսյանի կազմած «Մյուս ձայնը. հայ կանանց բանաստեղծությունները դարերի ընթացքում» անթոլոգիայում (2005):

 

Լուսանկարները՝ Գագիկ Գասպարյանի