«Հայ ասեղնագործության գանձերը. անցյալը ներկա է». ցուցահանդես

26.11.2019

Նոյեմբերի 26-ին Ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական վարպետներ Անժելա և Անահիտ Աբգարյանների՝ «Հայ ասեղնագործության գանձերը. անցյալը ներկա է» խորագրով ցուցահանդեսի բացումը:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 3-ը:
Մուտքն ազատ է: Մեր հասցեն՝ ք. Երևան, Աբովյան 64 (Աբովյան պուրակ):
Լուսանկարները՝ Գագիկ Գասպարյանի
_______________________________
Անժելա և Անահիտ Աբգարյանները հայկական ասեղնագործության, գորգագործության ու կարպետագործության ավանդույթները սովորել են դեռ մանկուց՝ իրենց մշեցի տատից և մորից:
Նրանք վերակենդանացրել են հայկական ասեղնագործության բազմաթիվ հնագույն դպրոցներ՝ Անի, Վան-Վասպուրական, Մուշ-Տարոն, Սյունիք-Արցախ, Ուրֆա, Այնթապ, Մարաշ, Սեբաստիա, Սվազ, Տիգրանակերտ, Ջուղա, Կ. Պոլիս: Սա արդյունքն է արդեն երեք տասնամյակ շարունակվող տքնաջան աշխատանքի և գիտական հետազոտությունների. ժողովրդական վարպետների համար հիմք են ծառայել հայկական ասեղնագործության մասին գրավոր հիշատակությունները, միջնադարյան հայկական ձեռագրերը, մանրանկարչությունը, հնագիտական պեղումների արդյունքում գտնված իրերը (որոնք մշտական ցուցադրության են ներկայացված տարբեր թանգարաններում), եկեղեցիների ու վանքերի զարդաքանդակները, դրանց դռների բարձրարվեստ փայտե փորագրությունները, խաչքարերը: Նրանց հաջողվել է ուսումնասիրություններ կատարել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում և միջնադարյան հայկական ձեռագրերի կազմաստառներից վերծանել հայկական ասեղնագործության հնագույն նմուշներ:
Աբգարյան քույրերի աշխատանքները ցուցադրվել են Կանադայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Հալեպում, Իրանում: Բազմաթիվ գործեր գտնվում են Հայաստանի թանգարաններում, եվրոպական երկրներում՝ մասնավոր հավաքածուներում: Ժողովրդական վարպետները մասնակցել են բազմաթիվ խմբակային ու անհատական ցուցահանդեսների՝ միաժամանակ անմասն չմնալով բարեգործական նախաձեռնություններից:
2002 թ.-ին Սիլիկյան թաղամասում հիմնադրել են «Ձեռարվեստի կենտրոն», որը գործել է 7 տարի, սակայն մշտական տարածք չունենալու պատճառով դադարեցրել է գործունեությունը: Այժմ նրանց նպատակներից մեկը «Աբգարյան ձեռարվեստի կենտրոն»-ի վերաբացումն է: